|
In the 16-18th centuries Armenian socio-political figures explained the liberation of Armenia by the help of Western European countries such as the Republic of Venice, France and Germany, yet, gradually, Armenians started to gravitate toward the Russian state for that purpose. In the 16-18th centuries Israel Ori (1656-1711) was an outstanding actor in the national liberation movement.
|
|
Քաղաքական, հասարակական եւ ազգային-կրոնական դաժան հալածանքները այդ շրջանում հանգեցրին հայ ժողովրդի ազատագրական պայքարի բուռն ձգտումների: XVI-XVII դարերի հայ քաղաքական ու հասարակական գործիչները Հայաստանի ազատագրումը կապում էին արեւմտաեւրոպական երկրների` Վենետիկյան հանրապետության, Ֆրանսիայի ու Գերմանիայի օգնության հետ, սակայն աստիճանաբար երկրի ազատագրման գործում հայերը սկսում են ձգտել դեպի ռուսական պետությունը: XVI-XVII դարերի ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր (1656-1711) Իսրայել Օրին: Եվրոպայում իր գործունեության սկզբում Իսրայել Օրին հայ իշխանների անունից Հայաստանն ազատագրելու համար դիմում է եւրոպական տիրակալներին: Չստանալով օժանդակություն, 1701-ին նա տեղափոխվում է Ռուսաստան եւ ազատագրության ծրագիր է ներկայացնում ցար Պետրոս I-ին: 1722-1730 թթ. ազգային-ազատագրական լայն շարժում է ծավալվում Սյունիքում Դավիթ Բեկի եւ Արցախում (Ղարաբաղում) Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի եւ Ավան Յուզբաշու ղեկավարությամբ: XVIII դարի երկրորդ կեսին ազգային-ազատագրական շարժման գաղափարական կենտրոններ են դառնում Հնդկաստանի եւ Ռուսաստանի հայ գաղթօջախները: «Մադրասի խմբակը» (Շ. Շահամիրյան, Մ. Բաղրամյան, Հ. Էմին եւ ուրիշներ) եւ Ռուսաստանի հայ գաղթօջախի գործիչները (Հ. Լազարյան, Հ. Արղության եւ այլք) առաջ են քաշում Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական պետության վերականգնման երկու նախագիծ: Չնայած ծանր պայմաններին` այդ շրջանում այնուամենայնիվ էապես զարգանում է հայկական մշակույթը եւ գրականությունը: Մասնավորապես Վենետիկում (1717թ.), հետագայում նաեւ Վիեննայում ստեղծվում է Մխիթարյանների միաբանությունը , որոնք անգնահատելի դեր են կատարել հայագիտության եւ հայ ինքնության պահպանման, հայ ժողովրդի մշակութային, գրական ու գիտական ներուժի զարգացման գործընթացում: 1512թ.-ին Վենետիկում լույս է տեսնում հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», իսկ 1794–ին Մադրասում` առաջին պարբերական հանդեսը «Ազդարարը»: 1616 թ. Իլով (Լվով) քաղաքում տպագրվում է «Սաղմոս ի Դավիթ» գիրքը, իսկ 1666-ին լույս է տեսնում հայերեն առաջին տպագիր «Աստվածաշունչը»` բաղկացած 1464 էջից: 18-րդ դարի կեսերին Վենետիկում հրատարակվում է «Բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը, իսկ դարավերջին` Մ. Չամչյանի «Հայոց պատմություն» հայտնի բազմահատորը:
|