|
|
Հ.Գ. Հայաստանի և Ադրբեջանի կողմից հրադադար հաստատելու հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, «Քաղաքականություն» («Политика») ծրագրի ստուդիայում խոսակցությունն այն մասին էր, թե ում էր ձեռնտու հակամարտության սրումը ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության շրջանում, ինչու այն նորից սրվեց, ինչ սպառնալիքներ է պարունակում և ինչպես լուծել այն։ Բանավեճին մասնակցում էր նաև Ռուսաստանի հայտնի քաղաքական-հասարակական գործիչ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։ Լսենք, թե ինչ ասաց նա եթերում. «Բայց այն, ինչ պետք է անեն միջնորդները (նկատի ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները- Ա.Գ.), կարգավորման պայմաններ թելադրելն է։ Այդ պայմանները, ըստ իս, պետք է լինեն հետևյալը, սա իմ անձնական կարծիքն է. անկախություն Լեռնային Ղարաբաղին, որովհետև Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ։ Կարող եք ասել ինչ ուզում եք, բայց դա երբեք չի լինի, և, միևնույն ժամանակ, Ադրբեջանին այն շրջանների վերադարձ, որոնք այսօր զբաղեցնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը՝ անկախության ճանաչման դիմաց։ Ահա սա էլ լուծումն է»։ Ծրագիրը վարող Պյոտր Տոլստոյ. «Իսկ ո՞վ է երաշխավորելու»։ Կոնստանտին Զատուլին. «Այս որոշումը երաշխավորելու են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան։ Նրանք են Մինսկի խմբի միջնորդները։ Որովհետև Բաքվում և Երևանում այս լուծումը չեն ընդունի։ Ամեն անգամ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն. ոչ մի դեպքում, դա դավաճանություն է ազգային շահերին։ Ուստի, հարկավոր է, որ պատասխանատվության մի մասն իրենց վրա վերցնեն այդ միջնորդները։ Եվ սա այն դեպքն է, երբ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են համատեղ գործել։ Ինձ թվում է, որ սա այն հազվագյուտ դեպքն է, երբ կարող են»։
|