|
|
Վախկոտ մարդիկ քաղաքականությունում, ինչ ասեմ՝ կա՛մ թիթեռի, կա՛մ ձնծաղիկի կյանք են ունենում: Բայց ուզում եմ, որպեսզի ասածս ճիշտ ըմբռնեք և ընկալեք: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ քո տագնապը դառնում է վախ, ա՛յ դա է վատը: Երբ քո տագնապի պահին, այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դու արդեն դառնում ես վախկոտ մարդ: Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ: Միացյալ Նահանգների նախագահներից մեկը շատ փայլուն միտք է արտահայտել՝ ասել է, որ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Քենեդին Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, և կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անում. մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որևէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել, հակառակ պարագայում, մեր՝ տուն գնալու ժամանակն է»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:
|