|
|
Իր առջեւ նպատակ դնելով վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները` խորհրդային նոր իշխանությունը անդրկովկասյան հանրապետությունների խորհրդայնացման հեռահար քաղաքականություն էր վարում: 11-րդ Կարմիր բանակը, Ադրբեջանի խորհրդայնացումից հետո (ապրիլ 1920թ.), գրավում է Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջեւանի հիմնական տարածքները, իսկ 1920-ի օգոստոսին Հայաստանի եւ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ ստորագրվում է հաշտության համաձայնագիր, որով Խորհրդային Ռուսաստանը ստիպում է Հայաստանին ճանաչել դրանք իբրեւ վիճելի տարածքներ` պայմանով, որ դրանց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր բնակչության կամքի` այսինքն հանրաքւեի արդյունքում: 1920-ի նոյեմբերի 29-ին Կարմիր Բանակի եւ հայ բոլշեւիկների ոչ մեծ ջոկատներ Խորհրդային Ադրբեջանի կողմից մտնում են Իջեւան (Քարվանսարա) եւ Հայաստանը հռչակում խորհրդային: Ադրբեջանի հեղկոմը, Նարիմանովի ղեկավարությամբ, նոյեմբերի 30-ին որոշում է ընդունում առ այն, որ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը` այլեւս վիճելի տարածքներ չեն եւ համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասեր: Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին համաձայնվում է Հայաստանի խորհրդայնացմանը եւ հրաժարվում իշխանությունից` հօգուտ բոլշեւիկյան Հեղկոմի: Հենց նույն օրը դեկտեմբերի 2-ին, իշխանությունից հրաժարված Հայաստանի կառավարության պատվիրակները, անհասկանալի կերպով, Ալեքսանդրապոլում հաշտություն են կնքում Թուրքիայի հետ, համարելով պատերազմն ավարտած, զիջելով հանրապետության համարյա տարածքի կեսը: Խորհրդային իշխանությունը հետագայում չի ճանաչում Ալեքսանդրապոլի հաշտության պայմանները: Եւ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքվում է Բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագիր: Ըստ առաջին հոդվածի, Ռուսաստանի խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող եւ Ազգային մեծ ժողովի կողմից չընդունած բոլոր միջազգային պայմանագրերը: Այս դրույթն առաջին հերթին ուղղված էր Սեւրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ամեն գնով ցանկանում էր չեղյալ հայտարարել: Վերջապես նոր սահմանը ճանաչվում է Թուրքիայի ու Անդրկովկասյան հանրապետությունների միջեւ կնքված Կարսի պայմանագրով (1921թ. հոկտեմբերի 13), որը գործում է մինչ օրս: Իսկ 1922-23թթ. Լոզանի միջազգային կոնֆերանսը ավարտվում է մի շարք փաստաթղթերի ստորագրությամբ, որոնցից թերեւս ամենակարեւորը` «Լոզանի հաշտության պայմանագիրն» է, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները` փաստորեն փոխարինելով Սեւրի հաշտության պայմանագրին: Համաձայն նույն Մոսկվայի պայմանագրի` Նախիջեւանը դառնում է ինքնավար տարածք /հանրապետություն/` Ադրբեջանի խնամակալության ներքո, իսկ ՌԿ(բ)Կ Կովկասյան Բյուրոյի 1921թ.-ի հուլիսի 5-ի որոշմամբ` Լե
|