|
|
Բնականաբար, տպավորություններս շատ լավն են: Ինքներդ տեսաք, թե ինչ պայմաններ են ստեղծվել և լսեցիք, որ սա յոթերորդ բժշկական կենտրոնն է, որ բացում ենք վերջին երկու տարիների ընթացքում: Հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրիի ամենամեծ կենտրոնը և կսկսենք ևս վեց կենտրոնների շինարարություն: Գիտե՞ք, և՛ բժիշկների, և՛ պարզ մարդկանց հետ հանդիպման ժամանակ բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների առկայության կարևորությունը: Բնականաբար, խնդիրը ոչ միայն ժամանակի մեջ է, այլ այստեղ նաև հասանելիության ու հարմարավետության հարց է: Բնականաբար, գավառցին եթե պարտադրված է բուժվել, հիվանդանոցում պառկել, նրա համար շատ ավելի ցանկալի կլինի այսպիսի միջավայրում լինել, քան գնալ մայրաքաղաք: Հատկապես որ բժիշկները ևս պարտադրված են իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, որովհետև առանց մասնագիտական ունակությունների անհնար է ժամանակակից սարքավորումներն օգտագործել: Սա տարածքների համաչափ զարգացման մեր ծրագրի մի մասն է, կարևոր բաղկացուցիչն է, բայց, իհարկե, միայն առողջապահության բնագավառով չենք սահմանափակվելու: Կարծում եմ, որ բոլորս մի կողմից պետք է ուրախ լինենք, մյուս կողմից՝ ակնկալիքներն ավելի շատ պետք է լինեն: Մենք բոլոր ծառայությունները պետք է մոտեցնենք մարդկանց, դարձնենք ավելի հասանելի, ավելի որակյալ: Շատ լավ տպավորություններ ունեմ: Օրինակ, բժիշկներն ասում են, միգուցե մի քիչ չափազանցնում են, բայց ասում են, որ այստեղ կան այնպիսի սարքավորումներ, որ Երևանի շատ հիվանդանոցներում չկան: Սա, իսկապես, ուրախալի է:
|