|
|
Ոչ, իհարկե, ոչ: Ուղղակի Հայաստանում որոշ քաղաքական ուժերի եւ նաեւ գործիչների թվում է, թե ընտրությունները չեն ավարտվել եւ ցանկացած առիթ օգտագործում են շահարկումների համար: Բծախնդրությամբ ուսումնասիրում են թուրք-ադրբեջանական մամուլը, վերլուծություններ, կանխատեսումներ են կատարում, եզրահանգումներ անում եւ այս ճանապարհին նրանց բոլորովին չի հետաքրքրում ոչ Հայաստանի, եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեսակետները, եւ նույնիսկ այդ նույն թուրք-ադրբեջանական մամուլում հնչող հերքումները: Այստեղ ուղղակի հարց է առաջանում, որ իրենց այդ վերլուծությունների, եզրահանգումների, չարագուշակ կանխատեսումների արդյունքը միշտ նույնն է լինում, այսինքն` զրոյական արդյունք է լինում: Ես տարիների ընթացքում մշտապես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրացնի, կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Ավելի ճիշտ, ավելի ստույգ ասեմ, եթե Ադրբեջանը ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը: Երկրորդ, եթե Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ: Շատ պարզ խնդիր է, եւ միայն խելակորույս մարդը կարող է այս ձեւակերպումների մեջ գտնել միայն զիջումներ: Ես, 17-18 տարիների ընթացքում արտահայտվելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, երբեք չեմ օգտագործել միակողմանի զիջում բառակապակցությունը եւ ոչ էլ` զիջում բառը: Փոխզիջում, երեւի թե, այո, բայց զիջում՝ ոչ: Մենք շատ նվիրական ու մեր ժողովրդի համար կարեւոր խնդիր ենք լուծում եւ ուրիշների պես չենք փորձում դիվիդենտներ քաղել տարբեր միջոցառումների կամ ելույթների ժամանակ: Մենք խնդիրը լուծում ենք, այո, ելույթներով, մենք խնդիրը լուծում ենք հանդիպումներով, բանակցություններով, տարբեր եղանակներով եւ մեր նպատակը, նորից եմ կրկնում, խնդրի լուծումն է եւ այդ ճանապարհին ազնիվ ու անկեղծ լինել ինչպես մեր մարտական ընկերների, այնպես էլ` մեր ժողովրդի հետ: Երբեք անիրականանալի բաներ չասել, երբեք չփորձել մոլորության մեջ գցել մարդկանց: Սա է իրականությունը:
|