|
|
Հայոց ցեղասպանությունը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին: Նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ապագա ցեղասպանությունները հասկանալու և կանխարգելելու բանալին է: Չնայած 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի գոյությանը, որը կոչված է կանխարգելելու հետագա ցեղասպանությունները՝ մենք վստահ ենք, որ այս կամ ցանկացած այլ փաստաթուղթ չի կարող պատշաճ կերպով իրականացվել, քանի դեռ նախորդ կոտորածները չեն , ճանաչվել: Մենք համարում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն: Եթե այն արդարացիորեն ճանաչվեր, կարող էր ապագա ոճրագործությունները կանխարգելող դեր կատարել: Հայաստանը շարունակելու է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում և այլ միջազգային հարթակներում՝ հասնելու աշխարհի ցանկացած մասում նմանատիպ գործողությունների համընդհանուր դատապարտմանը:
|