|
|
Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը ոչ մի օր կանգ չի առնում՝ իրականացնելով իր առջև դրված խնդիրները: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել է օրերս Գերմանիայում բնակվող մի երիտասարդ թուրքի հետ իր նամակագրության մասին և ընդգծել, թե ինչու՞ է այդպես մանրամասն կանգ առնում այդ նամակագրության վրա. «Մեհմետ Հաքան Յայլը՝ այդպես էր 30-ամյա այդ երիտասարդի անունը, ով ինձ նամակ էր ուղարկել, մասնավորապես այդ նամակում նշում է. «Իմ մանկությունն անցել է Ստամբուլում..., որտեղ բնակվում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեի: Սակայն հասունանալով սկսեցի ավելի շատ զգալ, որ մարդիկ, չգիտեմ ինչու, հայերի նկատմամբ անհիմն թշնամանք են տածում: Կյանքիս ամբողջ ընթացքում դրան ընդհանրապես կարևորություն չեմ տվել, միայն տանջվել եմ: Որովհետև իմ ճանաչած ամենալավ ընկերներս հայեր էին: Այժմ ես Գերմանիայում եմ: Ասում են, որ ամենալավ միջոցը ամեն ինչին դրսից նայելն է. իրոք, այդպես է: Մարդը կարողանում է օբյեկտիվ լինել»: Նա ասում է, որ պատրաստվում է ամառային արձակուրդին Հայաստան այցելել և նշում. «Ես ցանկանում եմ այնպիսի մշտական բարեկամություն, որ փոխադարձաբար ներվեն պատմության ընթացքում կատարված սխալները, և դա մարդկանց ապագայի վրա ավելի խաղաղ ազդեցություն կունենա»,-թուրք երիտասարդի նամակը ներկաների համար ընթերցել է Նախագահը և տեղեկացրել, որ երեկ պատասխանել է այդ նամակին. «Մի փոքրիկ հատված եմ ուզում մեջբերել իմ պատասխանից. «Ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այսօր աճում է թուրք երիտասարդների սերունդ, որի առաջադեմ հատվածը կաշկանդված չէ թուրքական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքականությամբ: Հենց այդ սերունդն է, որ հարցականի տակ է դնում այդ քաղաքականության արժանահավատությունը, և ամենագլխավորը պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, ընդունել նախնիների սխալները և բաց ու կառուցողական քննարկումների միջոցով հասնել հաշտեցման»:
|